Չինաստանի Շենչժեն քաղաքում Վլադիմիր Պուտինի և Սի Ցզինպինի հետ պատմական եռակողմ հանդիպումից ընդամենը ժամեր անց Դոնալդ Թրամփը նախագահական օդանավից անսպասելի և կոշտ հայտարարություն է արել: ԱՄՆ-ի նախագահը շեշտել է, որ Պուտինը տրամադրված է խաղաղության, ուստի, Կիևին նոր միլիարդներ հատկացնելու փոխարեն, պետք է կենտրոնանալ բանակցությունների վրա:                
 

Խորհրդարանական աղմուկի հետևում թաքնված իրական վտանգները

Խորհրդարանական աղմուկի հետևում թաքնված իրական վտանգները
21.11.2026 | 12:01

Խորհրդարանում և կառավարությունում վերջին օրերին բեմադրված աղմուկն ու փողոցային հայհոյանքները նյարդերի տեղի տալ չեն։ Դա ժողովրդի աչքին փոշի լցնելու հերթական փորձն է՝ պետության գլխին կախված իրական վտանգները կոծկելու համար։
Բավական է տրվել այս էժանագին ներկայացմանը։
Նայենք ճշմարտության աչքերին և հստակ արձագանքենք, թե ինչ է կատարվում և ուր են տանում երկիրը․
Թշնամու պահանջի կնքումը՝ մեր իսկ ձեռքերով․ Ադրբեջանին այլևս բավարար չէ մեկ մարդու ստորագրությունը։ Բաքվին պետք է, որ հայ ժողովուրդն ինքը՝ նոր Սահմանադրության հանրաքվեով, կամավոր հրաժարվի իր Անկախության հռչակագրից և սեփական պատմական իրավունքներից։ Առանց թշնամուց որևէ իրական երաշխիք ստանալու՝ մեր ձեռքով ջնջվում է մեր պետության իրավական հիմքը։ Իսկ «տեքստը դեռ չեք կարդացել, ինչո՞ւ եք դեմ» հարցադրումը պարզ խաբեություն է․ երբ օրակարգը թելադրված է դրսից, դրա փաթեթավորումն այլևս նշանակություն չունի։
Օրենքի ոտնահարում և իշխանության յուրացում․ Ժողովրդի միայն մի հատվածն է այս իշխանությանը տվել երկիրը կառավարելու մանդատ, այն էլ՝ բազմաթիվ վիճահարույց հանգամանքներում, բայց ոչ ոք նրանց չի տվել Սահմանադրությունը միայնակ վերաձևելու 2/3 ձայն։ Հիմա փորձ է արվում շանտաժով ու պիտակավորումներով ջարդել ժողովրդի իսկ դրած սահմանադրական արգելքը։ Երբ իշխանությունը չի հարգում իրեն սահմանափակող օրենքը, դա այլևս ժողովրդավարություն չէ, դա իշխանության բացահայտ յուրացում է։
Տարածաշրջանային և տնտեսական կազմաքանդում․ Արդեն բացահայտ հող է նախապատրաստվում «անկլավների» հանրաքվեի համար, ինչն ուղիղ հարված է Հայաստանի տարածքային ամբողջականությանն ու ռազմավարական ճանապարհներին՝ երկիրը ներսից կտրելու և անպաշտպան թողնելու ծրագիր։ Զուգահեռաբար՝ երկաթուղու և էներգետիկ համակարգի շուրջ ստեղծվող արհեստական ճգնաժամերը հարվածում են երկրի տնտեսական անվտանգությանն ու խորացնում արտաքին կախվածությունները։
Վախի քարոզի կեղծիքը․ Իշխանության գլխավոր զենքը սարսափ տարածելն է՝ «եթե չզիջենք, պատերազմ կլինի»։ Սա պատմական և ռազմական սուտ է։ Խաղաղությունը ձեռք են բերում ուժով և արժանապատվությամբ, այլ ոչ թե ծնկի գալով։ Անընդհատ զիջելով՝ միայն կոտրում են երկրի դիմադրողականությունը, բացում թշնամու ախորժակն ու անխուսափելի դարձնում նոր հարվածը։ Իսկ «հետո կհեռանամ» խոստումը խաբկանք է․ երբ պետության ողնաշարը կոտրված լինի, որևէ մեկի հեռանալն այլևս կորցրածը հետ չի բերի։
Այսօրվա պայքարը ո՛չ թե աթոռի, ո՛չ էլ որևէ կուսակցության համար է։ Քաղաքական բոլոր ուժերը պարտավոր են դա ապացուցել ոչ թե խոսքով, այլ իրենց քայլերով՝ մի կողմ դնելով նեղ շահերը։ Սա գոյաբանական պայքար է մեր հայրենիքի, մեր ազգային տեսակի և սեփական հողի վրա արժանապատիվ ապրելու իրավունքի համար։
Մենք իրավունք չունենք ընկրկելու կամ կողքից նայելու։ Հենց այսօրվանից յուրաքանչյուրիս անելիքը հստակ է՝ չտրվել վախի քարոզին, չդառնալ այս կեղծ օրակարգի գործիքը, ամեն քայլափոխի մերժել պարտադրվող զիջումները և կանգնել մեր երկրի ու սահմանների պաշտպանության դիրքերում։ Սա վերաբերում է բոլորին՝ անգամ նրանց, ովքեր այսօր լուռ են, բայց հոգու խորքում գիտակցում են, որ սա հայրենիքի կորստի ճանապարհն է։
Ուժը մեր սթափ մտքի, միասնական կամքի և սեփական երկրին տեր կանգնելու վճռականության մեջ է։

Գևորգ ԳԵՎՈՐԳՅԱՆ

«Հայ ազգային ճակատ»

Հ․Գ․
Ուշադիր հետևեք․ ամեն անգամ, երբ իշխանությունը պատրաստվում է հանրության համար անընդունելի որևէ քայլի, անմիջապես մեջտեղ է բերում «նախկինների» հին երգը։ Մի՛ տրվեք այդ խայծին․ ամեն աղմուկի հետևում թաքնված է հերթական զիջումը։
Դիտվել է՝ 733

Մեկնաբանություններ